Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի կարգավորման շուրջ համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ համաձայնության դեռ չեն եկել. Լավրով
Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ ապագա համապարփակ համաձայնագրի հիմնական պարամետրերը դեռ համաձայնեցված չեն։ Այս մասին «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի ինախարար Սերգեյ Լավրովը։
Նա, սակայն, հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն այդ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակում են։
Անդրադառնալով լրատվամիջոցների հարցին, թե արդյոք հնարավոր է եղել ապագա համաձայնագրի հիմնական պարամետրերը ձևակերպել արդեն իսկ անցկացված ռուս-ամերիկյան շփումների ընթացքում՝ Լավրովը բացասական պատասխան է տվել:
«Կարգավորման առանցքային բաղադրիչները հեշտ չէ համաձայնեցնել: Դրանք քննարկվում են»,-նշել է նա:
Լավրովն ընդգծել է, որ համապարփակ համաձայնագիր կարող է կնքվել միայն հակամարտության բուն պատճառների վերացման դեպքում։
Նա պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կանխելու և Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերականգնման մասին է՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության: