Ռուսաստանն իրականում խաղաղություն չի ցանկանում. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու
Ուկրաինայում հրադադարի համաձայնության Ռուսաստանի պայմանները ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում խաղաղություն չի ցանկանում: Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը, տեղեկացնում է BBC-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանց ներկայացրած պայմանները ցույց են տալիս, որ նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում, քանի որ որպես պայմաններ ներկայացնում են իրենց բոլոր վերջնական նպատակները, որոնց ցանկանում են հասնել պատերազմից»:
Նշենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան «երկաթբետոնե երաշխիքներ» է պահանջում, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ «Այդ երաշխիքների մի մասը պետք է լինի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների՝ նրան դաշինքի անդամ ընդունելուց հրաժարվելը։ «Իրականում հենց այս դրույթն է արձանագրվել այդ համաձայնագրերի նախագծերում»,- ասել է ռուս դիվանագետը։