Ռուսաստանն ակնկալում է, որ շուտով կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը. Լավրով
Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում կսկսվի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, և այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ։ Դրա մասին, ըստ ТАСС գործակալության, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք գոհունակություն հայտնեցինք, որ մեր իրանցի բարեկամները ձեռնարկում են բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել մինչև Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության մեկնարկը։ Ակնկալում ենք, որ շինարարությունը կսկսվի շատ մոտ ապագայում, -ասել է Լավրովը։ -Այդ նպատակով ռուսական արտահանման վարկ կտրամադրվի»։
«Ռեշտ-Աստարա հատվածը մեզ հնարավորություն կտա շատ կարևոր քայլ անել, քանի որ այն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկման անհրաժեշտ մասն է»,- նշել է ռուսաստանցի նախարարը։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7200 կմ երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:
Իրանցի պաշտոնյաները հաշվարկել են, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին շահագործման առաջին տարում կտեղափոխի մեկ միլիոն ուղևոր և 10 միլիոն տոննա բեռ: