Ռուսաստանի իշխանությունները շարունակում են շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Պեսկով
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սիրիական հարցը մեր բոլոր միջազգային շփումների օրակարգում է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի»-ն։
Նա մատնանշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն Անկարա, որտեղ քննարկվել է Սիրիայի հարցը։
«Այլ շփումների ընթացքում ևս, բնականաբար, Սիրիան շոշափվում է։ Աշխատանքային գործընթացը շարունակվում է», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Փետրվարի 24-ին Սերգեյ Լավրովն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում իրադրության կարգավորման խնդիրներին և իրադրությանը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր կառավարության հետ համաձայնության գալուն, որը թույլ կտա նրան մասամբ պահպանել իր ներկայությունը Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռազմաբազաներում:
Հունվարի վերջին ռուսական պատվիրակությունը Դամասկոսում առաջին բանակցություններն է անցկացրել Սիրիայի նորանշանակ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Նրա հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո տեղեկություններ են տարածվել, որ նա քաղաքական ապաստան է ստացել Մոսկվայում։