Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև որոշակի շփումներ են ընթանում. Ռյաբկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև որոշակի շփումներ են ընթանում, սակայն այժմ դրանց մանրամասները հրապարակելն իմաստ չունի: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահի մամուլի քարտուղարի ասածներին ավելացնելու ոչինչ չունեմ: Որոշակի շփումներ կան, իսկ այդ թեմայի վերաբերյալ մանրամասներ լուսաբանելու հիմքեր չկան։ Բայց ընդհանուր առմամբ գործընթացը շարունակվում է»։
Ռյաբկովի խոսքով՝ ներկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների համաձայնեցված աշխատացանկեր չկան։
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ Մոսկվան տարբեր ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ, սակայն գործնականում Միացյալ Նահանգների կուրսի փոփոխություն դեռ չի տեսել։