երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը հերքել է պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Անհրաժեշտ ենք համարում հերքել այն անհիմն շահարկումները, թե Ռուսաստանում իբր քննարկում են միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում կամ սպառնում են դրա կիրառմամբ։ Ակնհայտ է, որ դա արվում է հատուկ հակառուսական հիստերիայի բորբոքման նպատակով», - ասել է նա՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ ամփոփիչ խորհրդաժողովում։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան «ջանքեր է գործադրում միջուկային մրցակիցների միջև ցանկացած ռազմական առճակատում կանխելու համար, քանի որ դա հղի է  միջուկային մակարդակի էսկալացիայով»։ «Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ։ Մեր շահերից է բխում, որ միջուկային զենք երբևիցե չկիրառվի», - ասել է Բելոուսովը։   

Նա նաև հայտարարել է, որ  Միջուկային զենքի չտարածման  պայմանագիրը գործում է միջազգային հանրության բարօրության համար, դրա անժամկետ երկարաձգման որոշումը ենթակա չէ վերանայման:

 

  • Կիսվել: