Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին աhաբեկչական hարձակումներին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում լոգիստիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների ակտիվացումը։ Նրա ելույթի տեքստը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ուկրաինական հարձակումների պատճառով «չկան, չեն եղել և չեն կարող լինել կրիտիկական հետևանքներ», սակայն, անշուշտ, վնաս պատճառվում է։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ չնայած հարձակումներին՝ երկրի առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն կերպով, սակայն վնասված լոգիստիկ օբյեկտները և պահեստները հարկավոր է վերականգնել։
«Միաժամանակ լոգիստիկ և պահեստային հզորությունները, իհարկե, պահանջում են վերականգնում, այդ թվում՝ պետության մասնակցությամբ։ Այս առնչությամբ խնդրում եմ կառավարությանն ընդունել համապատասխան ծրագիր։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ վնասված օբյեկտների վերականգնումը պետք է իրականացվի որակապես նոր տեխնոլոգիական մակարդակով», - ասել է նա։
Ավելի վաղ ռուսական խոշորագույն Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ ընկերությունը ՌԴ կառավարության հետ համատեղ կմշակի փոխհատուցման մեխանիզմ այն վաճառողների համար, որոնց ապրանքները ոչնչացել կամ վնասվել են Wildberries-ի պահեստների և լոգիստիկ կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Վերջին շաբաթներին Wildberries-ի շուրջ 20 օբյեկտ դարձել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախ և ստացել տարբեր աստիճանի վնասներ։



