ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր պայմաններին․ Զախարովա
Բաքվի հետ քննարկվում են մեր խաղաղապահներին վերաբերող հիմնարար հարցեր. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում կտրուկ փոխվել է։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրամիության հովանու ներքո կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք և վերահաստատեց իր դիրքորոշումը այս տարվա մայիսին և հուլիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։
Այսպիսով, լրջորեն ճշգրտվել են այն պայմանները, որոնցում 2020 թվականին ներդրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի այդ պայմաններին: Արդեն խաղաղապահ զորախմբի մի շարք մշտական և ժամանակավոր անցակետեր փակվել են։ Ռուս խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ»,-ասել է նա: