կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը

Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոթը։

Նրա հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն բարձր է գնահատել «Լիբանանի ինքնիշխանությունն ապահովելու և այն վերականգնելու պատմական հնարավորությունն իրագործելու գործում նախագահ Աունի խիզախությունը»։

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Լիբանանի կառավարությանը՝ ինքնիշխան պետություն կառուցելու և հարևանների հետ խաղաղության հասնելու գործում։ Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները երկրի վերականգնման և բռնության շղթան կոտրելու միակ ուղին են։ Կողմերը քննարկել են հունիսի 23-25-ը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը, որտեղ ակնկալվում է առաջընթաց գրանցել տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Պետքարտուղարը նաև վերահաստատել է «Հըզբոլլահի» զինաթափման և Լիբանանի ամբողջ տարածքում պետական վերահսկողության վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ հարցում տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը և «Հըզբոլլահը» հրադադարի համաձայնության են հասել: Սակայն նույն աղբյուրի համաձայն՝ օրվա ընթացքում Լիբանանի հարավի ռմբակոծությունը շարունակվել է:

  • Կիսվել: