Ռոստովի մարզում և Կուբանում անօդաչուների հարվածներից երկու նավթաբազա է վնասվել
Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 24-ի գիշերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանի խոշորագույն մարզերին: Ռոստովի մարզի Կագալնիցկի շրջանում «ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով» վնասվել են նավթաբազայի վարչական շինությունները, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը: Նրա խոսքով՝ հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան: Սլյուսարը հավելել է նաև, որ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել նաև Տագանրոգում և Նեկլինովսկի շրջանում:
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Կրասնոդարի երկրամասը: Տարածաշրջանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ «ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով» հրդեհ է բռնկվել Դինսկայա շրջանի ձեռնարկություններից մեկի տարածքում: Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ խոսքը Նովոտիտարովսկայա կայանում գտնվող նավթաբազայի մասին է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նշված մարզերի, ինչպես նաև Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Տվերի մարզերի և բռնակցված Ղրիմի երկնքամերձ տարածքում ուկրաինական 40 անօդաչու սարք խոցելու մասին:
Ռոստովի մարզը պարբերաբար ենթարկվում է Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին: Միայն սեպտեմբեր ամսին դրոնները երկու անգամ հարվածել են «Ռոստով-նա-Դոնու — Սենտրալնի» տեղական ռազմական օդանավակայանին: Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտարարել են, որ այնտեղ խոցվել են Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, երկու Ան-26 և երեք ուղղաթիռ: Հարվածների տակ են հայտնվել նաև «Տագանրոգ-Սենտրալնի» ռազմական օդանավակայանը, Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրն ու Տագանրոգի ավիացիոն գործարանը:
Կուբանում Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 13-ին հարվածել էին Սլավյանսկի նավթավերամշակման գործարանին, որի հզորությունը տարեկան 5,2 մլն տոննա է և որն ապահովում է Հարավային դաշնային տարածաշրջանի վերամշակման ծավալի շուրջ 9%-ը: Այնտեղ ուժգին հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր հանգցնել միայն 4 օր անց:



