Ռոբոտները կաշխատեն, փողը կվերանա, իսկ Բրիտանիային քաղաքացիական պատերազմ է սպասվում․ Մասկը տարօրինակ ապագա է կանխատեսել
Իլոն Մասկը նշել է, որ ինքը ժամանակակից Կասանդրա է. նա շատերից լավ է կարողանում կանխատեսել ապագան, բայց դատապարտված է նրան, որ իրեն չհավատան։ «Մարդիկ չեն հասկանում, որ այն, ինչի մասին ես խոսում եմ, իսկապես տեղի կունենա», – հայտարարել է նա The Economist-ին՝ The Insider-ի խորագրի համար տված 90 րոպեանոց հարցազրույցում։ Զրույցը տեղի է ունեցել Տեխասում գտնվող Tesla-ի հսկա գործարանում, որտեղ էլեկտրամոբիլներն ինքնուրույն են դուրս եկել հավաքման գծից։
Թերևս անվստահության պատճառն այն է, որ Մասկի նկարած ապագայի պատկերները տատանվում են տագնապալիից մինչև բացահայտ տարօրինակ։ Նրա կանխատեսմամբ՝ հինգ տարվա ընթացքում արհեստական բանականության համակարգերը կարող են գերազանցել ողջ մարդկության գումարային բանականությունը։ Տասը տարվա ընթացքում աշխատատեղերում ռոբոտները կօգնեն աշխարհը հասցնել այնպիսի «անհավատալի առատության» դարաշրջանի, որ փողը կկորցնի իմաստը։ Իսկ 20 տարի հետո Բրիտանիան (երկիր, որը նա արդեն երկար տարիներ չի այցելել) կպատի քաղաքացիական պատերազմը։
Մասկի կանխատեսումներին հավատալ-չհավատալը մեկ բան է, բայց դրանց պետք է լուրջ վերաբերվել։ Tesla-ի և SpaceX-ի հետևում կանգնած մարդը՝ հրթիռներ ստեղծողը, ով իր ընկերությունը վերածել է արհեստական բանականության ոլորտի հսկայի, ապագայի ձևավորման գործում ավելին է անում, քան որևէ այլ գործարար։ Փողով և ինժեներական ձեռքբերումներով ամրապնդված նրա ազդեցությունը տարածվում է Սպիտակ տնից մինչև աշխարհի թեժ կետերը՝ ներառյալ Ուկրաինան։ Մասկը X սոցիալական ցանցում, որը պատկանում է իրեն, 240 միլիոն հետևորդ ունի, ուստի նրա տեսակետները, հատկապես ամենահակասականները, լուրջ հետևանքներ ունեն։
Սև կոշիկներով և մեջքին իր Grok չաթբոտի լոգոտիպով կաշվե բաճկոն հագած՝ Մասկը ցույց տվեց այն պողպատյա նպատակասլացության նշույլները, որոնք օգնել են իրեն կազմակերպել էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն և, հակառակ ամեն ինչի, բազմակի օգտագործման հրթիռներ ուղարկել տիեզերք։ Միաժամանակ նա ցույց տվեց, թե որքան ուժեղ է ձգտում ձևավորել սեփական իրականությունը՝ ընդհուպ մինչև իր մասնագիտական իրավասության սահմաններից դուրս գտնվող հարցերում ունեցած անզիջումությունը։
Սա Մասկի առաջին ծավալուն հարցազրույցն էր SpaceX-ի՝ հրապարակային շուկա դուրս գալուց հետո։ Առաջին առևտրային օրերին ընկերության արժեքը հասել է 2,6 տրիլիոն դոլարի, սակայն հետո կտրուկ ընկել է մինչև 1,6 տրիլիոն դոլար՝ նախնական առևտրային գնից մեկ հինգերորդով ցածր։
Զրույցի գլխավոր թեման արհեստական բանականությունն էր։ Մասկի խոսքով՝ այս տեխնոլոգիան կարող է մեկ օրում նրա վիճակը «հիացմունքից հասցնել սարսափի»։ Առայժմ նրա «փիլիսոփայական եզրակացությունն» այն է, որ պետք է «նայել լուսավոր կողմին»։
Այդ որոշումը, սակայն, հարմար կերպով համընկնում է նրա սեփական շահերի հետ։ Մասկը կարծում է, որ ի վերջո արհեստական բանականության համակարգերն ու ռոբոտները կկատարեն թվային և ֆիզիկական առաջադրանքների մեծ մասը՝ մարդկային աշխատանքը դարձնելով «ոչ պարտադիր»։ Հենց դրա համար էլ xAI-ը (այժմ կոչվում է SpaceXAI) մշակում է ճանաչողական առաջադրանքներ կատարող համակարգեր (օրինակ՝ ծրագրավորման համար), իսկ Tesla-ն արտադրում է մարդանման ռոբոտներ։ Մասկը ծրագրում է արհեստական բանականության այդ ամբողջ ենթակառուցվածքն էներգիայով ապահովել տիեզերքում տեղակայված տվյալների կենտրոնների միջոցով։
Եթե աշխատանք չմնա կարող է անհրաժեշտ դառնալ հարստության լայնածավալ վերաբաշխում՝ մարդկանց «համընդհանուր բարձր եկամուտ» ապահովելու համար։ Բայց թեև աշխարհի ամենահարուստ մարդն ասում է, որ պատրաստ է «տրիլիոնավոր դոլարների հարկեր» վճարել, միաժամանակ պնդում է, որ տասը տարի հետո փողը կկորցնի նշանակությունը։ Ուստի, Մասկի կարծիքով, կառավարությունները պարզապես պետք է «մարդկանց չեկեր գրեն»։ Մեքենաների արտադրած ապրանքների ու ծառայությունների անվերջ առատության պայմաններում դեֆլյացիան ավելի լուրջ խնդիր կդառնա, քան ինֆլյացիան։
Մասկը խոստովանում է, որ հզոր արհեստական բանականության համակարգերն արդեն իսկ անմիջական ռիսկեր են պարունակում։ Նշելով առաջադեմ մոդելների հնարավորությունների արագ զարգացումը՝ նա զարգացնում է Google DeepMind-ի համահիմնադիր սըր Դեմիս Հասաբիսի վերջին առաջարկը՝ ԱՄՆ-ում ստեղծել ինքնակարգավորման մարմին, որի միջոցով ոլորտն անձամբ կարող է ստուգել իր մոդելները վտանգների առկայության համար։
Մասկը կարծում է, որ այդ նախաձեռնությունը պետք է տարածել նաև Չինաստանի վրա։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության առաջատար լաբորատորիաները, այդ թվում՝ չինականները, պետք է մեկ կամ երկու շաբաթ ստանան միմյանց նորագույն մոդելները մինչև թողարկումն ուսումնասիրելու համար և հայտնաբերված ռիսկերի մասին զեկուցեն Վաշինգտոնի և Պեկինի կառավարություններին։ «Մրցակիցները կկարողանան վերահսկել միմյանց և թույլ չտան, որ միմյանց խաբեն»։
Մասկը, կարծես թե, շատ ավելի քիչ է մտահոգված չինական արհեստական բանականության լաբորատորիաների աճով, քան ոլորտի մյուս ղեկավարները (օրինակ՝ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին)։ Նա տպավորված է նոր մշակումներով, ինչպիսին այս ամիս Moonshot AI ընկերության ներկայացրած Kimi K3-ն է, և կարծում է, որ «մեծ հավանականություն» կա, որ արհեստական բանականության ոլորտի չինական ընկերությունները «ինչ-որ պահի առաջատարներ կդառնան»։
Որպես փաստարկ նա մատնանշում է Չինաստանի էներգամատակարարումը, որը զգալիորեն գերազանցում է ամերիկյանին, ինչպես նաև երկրի՝ զանգվածաբար ռոբոտներ արտադրելու ունակությունը։
Մասկը դեմ է Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչների՝ ամերիկյան ընկերություններին չինական մոդելներ օգտագործելն արգելելու փորձերին։ Նրա կարծիքով՝ նման արգելքը չի կարող հաղթել արհեստական բանականության մրցավազքում։
Նա ակնկալում է, որ Չինաստանն, ի վերջո, կհաղթահարի առաջադեմ չիպերի պակասը, որն առաջացել է ամերիկյան արտահանման սահմանափակումների պատճառով՝ ինքնուրույն ստեղծելով սեփական լիտոգրաֆիայի մեքենաները։ Հենց այդ սարքավորումների բացակայությունն է, որ հիմա թույլ չի տալիս Չինաստանին արտադրել բավարար քանակությամբ բարձր արտադրողականությամբ պրոցեսորներ։
Բազմաթիվ նախագծեր ղեկավարող գործարարը չի թաքցնում, որ գիտակցում է իր ազդեցության չափը։ Նա պնդում է, որ ի վերջո արհեստական բանականությունը կվերահսկի գրեթե ամեն ինչ։ Իսկ SpaceX-ում իր գերիշխող դիրքը (որտեղ նրան է պատկանում քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 80%-ը) անհրաժեշտ է ընկերության հիմնական նպատակին հասնելու համար․ մարդկությանը դարձնել միջմոլորակային տեսակ և գաղութ հիմնել Մարսի վրա, նույնիսկ եթե դա վնասի կարճաժամկետ շահույթին։
Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականության վրա նրա ազդեցությանը, որտեղ նրա փողն ու հեղինակությունը 2025 թվականին օգնեցին Դոնալդ Թրամփին վերադառնալ իշխանության, իսկ իրեն՝ Մասկին, կարճ ժամանակով դարձրին դաշնային բյուրոկրատական ապարատի կրճատման պատասխանատու, նա խոստովանում է, որ չափից շատ է ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։
«Անկեղծ ասած՝ ես չափից շատ տարվեցի», – ասում է նա։
Այդուհանդերձ, Մասկը չի ցանկանում հրաժարվել իր աշխարհաքաղաքական հարթակից։ Թեև SpaceX-ի Starlink արբանյակները, որոնք ինտերնետ կապ են ապահովում հեռավոր շրջաններում, օգտագործվել են Ուկրաինային օգնելու համար, Մասկը շարունակում է պնդել, որ ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է տարածքային զիջումներ նախատեսի Ռուսաստանին։
Եվրոպական ուլտրաաջերի՝ լրատվամիջոցներում տրվող բնութագիրը նա անվանում է «կեղծ, մոլորեցնող և անիմաստ»։ Նրա կարծիքով՝ խոսքը «նորմալ մարդկանց» մասին է, ովքեր ցանկանում են անվտանգ քաղաքներ, պաշտպանված սահմաններ և խելամիտ պետական ծախսեր։
Բրիտանիայում քաղաքացիական պատերազմի վերաբերյալ նրա մռայլ կանխատեսումները կապված են այն համոզմունքի հետ, որ մարդկանց հոսքը, որոնց հայացքները «հակառակ են արևմտյան արժեքներին», ի վերջո կհանգեցնեն լուրջ բախման։
Հարցին, թե արդյոք նա մուսուլմանների հակառակորդ է, Մասկը պատասխանում է. «Ես դեմ եմ բռնաբարություններին և սպանություններին։ Ես դեմ եմ այն կանոնների ու օրենքների պարտադրմանը, որոնք հակասում են նրան, ինչը մենք սովոր ենք նորմ համարել Արևմուտքում։ Եվ շատ ցավալի է, որ ձեզ նման ավանդական լրատվամիջոցները դա չեն ընդունում»։
Անհասկանալի է, թե ինչպես է ԱՄՆ-ից դուրս ապագայի նրա մռայլ տեսլականը համադրվում արհեստական բանականության մասին նրա ուտոպիստական պատկերացումների հետ։ Սակայն նույնիսկ ինքը՝ Մասկը, հարց է տալիս՝ արդյոք այս ամենն իմաստ ունի։
Նա նշել է, որ երբեմն կարծում է, թե Տիեզերքը այլմոլորակայինների ստեղծած համակարգչային սիմուլյացիա է։
«Այն, ինչ ես անում եմ, այնքան անհավանական է, որ դժվար է հավատալ, թե այս ամենն իրականում տեղի է ունենում»։



