չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՌԴ Վլադիմիրի մարզում շուրջ 500 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով

ՌԴ Վլադիմիրի մարզում շուրջ 500 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով

Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի զորամասի զինամթերքի պահեստում ապրիլի 22-ին պայթյուն է տեղի ունեցել անվտանգության պահանջների խախտման պատճառով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Որոշում է կայացվել մարդկանց տարհանել զորամասից, յոթ բնակավայրից և 12 ամառանոցային ավանից։

Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ զինամթերքի պայթյունից հետո Կիրժաչի շրջանի արտակարգ իրադրության գոտուց 495 մարդ է տարհանվել ժամանակավոր տեղակայման կետեր:

«Դրանցում գտնվում է 495 մարդ. 159, 195 և 100 հոգի՝ Կիրժաչի շրջանում, ևս 41-ը՝ Ալեքսանդրովի շրջանում։ Ընդհանուր թվից 13-ը երեխաներ են», - տարածաշրջանի ղեկավարը իր Telegram ալիքում գրել է ապրիլի 23-ին։ 

Ավդեևը նաև տեղեկացրել է, որ տուժել է չորս մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Իր հերթին ապրիլի 23-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «այս պահին երկու կետում տեղավորված է 533 մարդ, այդ թվում՝ 15 երեխա»։ Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ում նշում են, որ մասնագետները հոգեբանական օգնություն և աջակցություն են ցուցաբերում տեղավորման բոլոր կետերում։

 

  • Կիսվել: