ՌԴ ՊՆ-ն պատմել է Մեծ Հայրենականի հերոս Խաչատուր Մելիքյանի սխրանքի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր մուլտիմեդիա նախագիծ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարբեր ազգությունների մասնակիցներին, որոնք արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Հերոսների թվում է 227-րդ հրաձգային դիվիզիայի 777-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար Խաչատուր Բեգլարի Մելիքյանը:
Պատերազմի առաջին իսկ օրերից նա կռվել է Խորհրդային Միության արևմտյան սահմաններին։ Արդեն 1941-ի հունիսին նրա ստորաբաժանումը կռվի մեջ է մտել՝ առաջին խոչընդոտներից մեկը դառնալով հարձակվող ֆաշիստական բանակի ճանապարհին: Նիժնյաա Սիրովատկա (Սումիի մարզ) գյուղի մոտ մղված մարտում Մելիքյանն իրեն դրսևորել է որպես վճռական և խիզախ հրամանատար. նրա գումարտակը երկու օր շարունակ պահել է բնակավայրի մի մասը՝ հետ մղելով թշնամու չորս հակագրոհները, չնայած հակառակորդի թվային և տեխնիկական գերազանցությանը:
Հրամանատարությունը Մելիքյանին էր հանձնարարել առանցքային գործողությունը՝ թշնամու պրոխորովյան խմբավորման ջախջախումը։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ի գիշերը նա գլխավորել է այդ համարձակ արշավը. նրա հրամանատարության տակ գտնվող մարտիկները հանկարծակի ներխուժել են Պրոխորովկա գյուղ և գրավել դրա հյուսիսարևելյան ծայրամասը։ Ինչպես նշում է ՌԴ ՊՆ-ն, գործողության ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 16 կրակակետ, իսկ մերձամարտում, հետևելով իրենց անվախ հրամանատարի օրինակին, մարտիկները ոչնչացրել են մոտ 150 ֆաշիստ զինվորների և սպաների: Մելիքյանի ստորաբաժանումը դիմացել է երեք կատաղի հակագրոհի և պահել է դիրքերը։
1942 թվականի հունվարին Կուրսկ-Օբոյանի գործողության ընթացքում Մելիքյանի գումարտակն արշավել է գերմանական թիկունքի խորքերով և առաջինն է դուրս եկել Օբոյան քաղաքի(Կուրսկի մարզ) մատույցներ։ Հունվարի 8-ին Օրլովկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտում Խաչատուր Մելիքյանը զոհվել է քաջի մահով։
Ինչպես ընդգծում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նա կռվել է քաջաբար՝ իր օրինակով ոգեշնչելով մարտիկներին, և նրա վերջին խոսքերը եղել են` «Առա՜ջ, հանուն հաղթանակի»։
Հերոսության և անձնվիրության համար Խաչատուր Մելիքյանը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նա թաղված է Օբոյան քաղաքում, որի ազատագրման համար իր կյանքն է տվել: Նրա գումարտակը տասնյակ կատաղի մարտեր է անցել և դարձել է անկոտրում կամքի խորհրդանիշ, իսկ հրամանատարի անունը հավերժ գրված է Մեծ հաղթանակի պատմության էջերում։