երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ պետդումայում կոչ են անում զինվորական ծառայության ժամկետը մեկից դարձնել երկու տարի

ՌԴ պետդումայում կոչ են անում զինվորական ծառայության ժամկետը մեկից դարձնել երկու տարի

Ռուսաստանում մարտունակ զինվորներ պատրաստելու համար անհրաժեշտ է զինվորական ծառայության ժամկետը մեկ տարուց հասցնել երկուսի։ Այս մասին հայտարարել են ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամներ Անդրեյ Գուրուլևը (Միացյալ Ռուսաստան) և Վիկտոր Սոբոլևը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), տեղեկացնում է The Moscow Times-ը։

Նշվում է, որ Գուրուլևն իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է. ՛՛Ժամկետային զինծառայողների ծառայությունը պետք է երկու տարի լինի, այդ ժամանակ կլուծվի ժամկետային զինծառայողների թվի խնդիրը։ Երկրորդ՝ կբարձրանա մոբիլիզացիոն ռեսուրսի նախապատրաստման որակը՛՛:

Ըստ նրա՝ մեկամյա ծառայությունը ՛՛պատրաստված զինվոր՛՛ չի տալիս։

Իր հերթին Սոբոլևը հայտարարել է. ՛՛Բանակում ծառայության ժամկետի ավելացման հարցը վաղուց է հասունացել։ Զինվորները պետք է ծառայեն առնվազն մեկուկես տարի, որից առաջին վեց ամիսները պետք է վերապատրաստվեն ուսումնական ստորաբաժանումներում։ Իսկ հաջորդ տարին կամ, ավելի լավ է, մեկուկես տարին լինեն անմիջականորեն զորքերում: Այդ դեպքում մեր զորքերն իսկապես մարտունակ կլինեն՛՛

Նա նշել է, որ վերջնական որոշումը, բնականաբար, կկայացնի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ըստ պատգամավորի, ոչ ոք դեմ չի լինի այդ որոշմանը, քանի որ երկրի ինքնիշխանությունը դրանով առավել պաշտպանված կլինի:

  • Կիսվել: