ՌԴ-ն Խերսոնի մարզում հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան վրա
Ռուսաստանը Խերսոնի մարզում հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող չորս բեռնատարներից բաղկացած շարասյան վրա, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ բեռնատարները, ըստ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեի հայտարարության, հստակ նշված էին որպես ՄԱԿ-ին պատկանող։
«Նման հարձակումները բացարձակապես անընդունելի են: Մարդասիրական աշխատողները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով և երբեք չպետք է հարձակման ենթարկվեն։ Մարդասիրական աշխատողների և մարդասիրական հաստատությունների վրա միտումնավոր հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և կարող է համարվել ռազմական հանցագործություն»,- ասել է Շմալեն։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բեռնատարներն ուղևորվում էին Բելոզերկա քաղաք, որը մի քանի ամիս մարդասիրական օգնություն չէր ստացել։
Հաղորդվում է նաև, որ երբ մարդասիրական օգնության աշխատակիցները (ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուկրաինական գրասենյակների և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աշխատակիցները) ժամանել են դեպքի վայր, ինտենսիվ հրետանային կրակոցներ են սկսվել: Այնուհետև, երբ սկսել են բեռնաթափման աշխատանքները, երկու բեռնատարներ հարձակման են ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով:
Ըստ Շմալեի՝ այդ բեռնատարները հստակ նշված էին որպես Համաշխարհային պարենային ծրագրի մեքենաներ: Վնասվել է երկու բեռնատար: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:


