ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. կան զոհեր
Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Կրասնոդարի մարզում թիրախավորվել է Տուապսե քաղաքը։ Տուապսեի նավահանգստի վրա հարձակումները շարունակվում են արդեն մեկ ամիս, ինչը հանգեցրել է խոշոր հրդեհների և գետերի աղտոտման: Աղտոտումը սպառնում է նաև Սև ծովին:
Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական նոր հարձակման հետևանքով առաջացած հրդեհի մարմանը ներգրավված է 164 հրշեջ, 46 միավոր տեխնիկա։ Մերձակա տների բնակիչներին տարհանել են։
Սա այս ամիս արդեն երրորդ հարձակումն է գործարանի վրա։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ վերջին հարձակումից բռնկված հրդեհը մարվել էր 4 օր առաջ։ Reuters-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Տուապսեի նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, ստիպված է եղել ապրիլի 16-ից դադարեցնել նավթի վերամշակումը։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում հայտնել է ուկրաինական անօդաչուների հարվածներից 3 զոհի մասին։
Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 170-ը վիրավորվել է։
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ ռուսական ուժերն ավելի քան 120 անօդաչու թռչող սարք են արձակել երկրի ուղղությամբ։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ռուսական հարվածներից Խարկովի մարզում մեկ մարդ է զոհվել։ Կրիվոյ Ռոգում նույնպես կա մեկ զոհ, 5 վիրավոր։


