ՌԴ-ն չի բացառում ԱՄՆ-ի ու Չինաստանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գաղափարը կա, այն նետվել է հանրային տիրույթ։ Ասել, թե այն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի։ Այստեղ նույնպես հիմնական հարցը հանգում է նրան, թե ինչպես է ձևակերպվելու բովանդակային կողմը, ինչ ենք սպասելու վերջնարդյունքում։ Թեև պարզ է, որ ձևաչափերը, առավել ևս բարձրագույն մակարդակով, ինքնին խիստ կարևոր են և անհրաժեշտ ազդակներ են ուղարկում; Ինչպես, օրինակ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան ձևաչափը»:
Ըստ Ռյաբկովի՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ ձևաչափը մինչ օրս չի կիրառվել։
«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բնականաբար։ Բայց գործնական տեսանկյունից ես այսօր ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ նոր ասացի»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ։ Այս թեման շոշափվել է Պուտինի և Սիի երկկողմ բանակցությունների ընթացքում։



