ՌԴ ԱԳ նախարարը դեմ է ԵԱՏՄ երկրներից միգրանտների համար վիզային ռեժիմի սահմանմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է մերձավոր արտասահմանից, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններից աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմի սահմանմանը, սակայն ոլորտը որոշակի կարգավորման կարիք ունի: Այս մասին նա հայտարարել է Պետդումայում կառավարական ժամի ընթացքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է խստացնի աշխատանքային միգրանտների վարքագծի նկատմամբ վերահսկողությունը, ոչ ավելին:
«Մենք ելնում ենք նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունից, բայց և գտնում ենք, որ պետք չէ հարուցել խոչընդոտներ, առավել ևս՝ չմտցնել վիզային ռեժիմ», - ասել է Լավրովը՝ պատասխանելով միգրանտների նկատմամբ մոտեցումների հնարավոր փոփոխության մասին խորհրդարանականների հարցին։
Ավելի վաղ մի քանի հանդիպումներ են անցկացվել Եվրասիական տնտեսական միության երկրների դեսպանների հետ, որոնց ժամանակ ռուսական կողմը մանրամասն բացատրել է իր գործողությունների տրամաբանությունը: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում ամրագրված է, որ միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, բայց դա որոշակի կոնկրետացման կարիք ունի։
Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի, և համապատասխան մարմինները պետք է տեղեկանան, թե որտեղ են նրանք աշխատում և ով է պատասխանատու Ռուսաստանի Դաշնության օրենքների պահպանման համար: Բայց այս ամենը կարելի է անել առանց դաշնակիցների հետ հարաբերությունները խոչընդոտելու։
Ռուսաստանում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել երկրում ապօրինի բնակվող օտարերկրացիներին արտաքսելու միգրացիոն ռեժիմը. նրանք կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում, ինչը ենթադրում է մի շարք սահմանափակումներ և արգելքներ, ինչպես նաև հետագա արտաքսում: