Պուտինը Ուիտկոֆի միջոցով Ուկրաինայի հարցով գրավոր առաջարկներ չի փոխանցել․Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինն ուկրաինական կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկներ չի փոխանցել Ուիտկոֆին: Կրեմլը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը անտեղի է:
«Այստեղ ցանկացած «բարձրախոսային դիվանագիտություն» կամ հատկապես հանդիպակաց առաջարկների հրապարակային քննարկումը կարող է միայն վնասել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հայտնել է, որ Պուտինի ժամանակացույցում Թրամփի հետ խոսակցություն դեռ չկա, սակայն ցանկության դեպքում այն կարող է օպերատիվ համաձայնեցվել:
Ինչ վերաբերում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի լսել ոչ մի պաշտոնական հայտարարություն հակամարտության ապաէսկալացումից երկխոսության անցնելու հարցում Եվրոպայի և Ուկրաինայի շահագրգռվածության մասին:



