Պուտինը բարձր է գնահատել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին Էր Ռիադում, տեղեկացնում է Meduza-ն։
«Այո՛, ինձ զեկուցել են արդյունքների մասին։ Ես դրանք գնահատում եմ բարձր։ Արդյունք կա»,- ասել է Պուտինը։
Նա հաստատել է նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ Մոսկվան և Վաշինգտոնը «համաձայնել են վերսկսել դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը»։
Ըստ ՌԴ նախագահի՝ դիվանագիտական առաքելությունների աշխատանքին խոչընդոտելը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ «Եթե գործերն այսպես շարունակվեն, այդ շենքերում միայն հավաքարարներն են աշխատելու»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային գործընթացը տեղի է ունենալու Ուկրաինայի մասնակցությամբ, և ոչ ոք նրան չի բացառում բանակցություններից։