երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պուտինն ու Թրամփն ավելի քան 1.5 ժամանոց հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Պուտինն ու Թրամփն ավելի քան 1.5 ժամանոց հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից, որը տևել է ավելի քան 1.5 ժամ:

Ըստ ռուսական կողմի՝ Պուտինը ցավակցություն և աջակցություն է հայտնել Թրամփին մահափորձի կապակցությամբ, ինչպես նաև վճռականորեն դատապարտել է տեղի ունեցածը։

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքն «արդեն մոտ է»։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է Հաղթանակի օրվա ժամանակահատվածում հրադադար հայտարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, և ԱՄՆ նախագահը, ըստ նրա, աջակցել է այդ նախաձեռնությանը։

Առանձին քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նշվում է, որ Պուտինը զգուշացրել է հնարավոր «ծայրահեղ կործանարար հետևանքների» մասին՝ ԱՄՆ և Իսրայելի ուժային գործողությունների վերսկսման դեպքում, ինչպես նաև վտանգավոր է անվանել Իրանի դեմ ցամաքային գործողության սցենարը։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել Իրանի նկատմամբ հրադադարի ռեժիմի երկարաձգմանը և հայտարարել է Իրանի, Պարսից ծոցի երկրների, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ շփումները շարունակելու մտադրության մասին։

Բացի դրանից, Պուտինը Թրամփին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը պահպանում են նախաձեռնությունը, ինչպես նաև շնորհավորանքներ է փոխանցել նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, անցած ծննդյան օրվա առթիվ։

Ուշակովը, եզրափակելով իր խոսքը, հայտնել է, որ զրույցն ավարտվել է «ջերմ մթնոլորտում»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: