Պուտինն ազդարարել է Ուկրաինայի հակամարտության մոտալուտ ավարտը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հավելելով, որ Պուտինն ասել է, թե «այս հարցն ավարտվում է»՝ միաժամանակ քննադատելով Արևմուտքի աջակցությունը Կիևին։
Նշվում, է, որ ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ վերջնական պայմանավորվածությունների դեպքում։
«Հնարավոր է նաև հանդիպում երրորդ երկրում, բայց միայն այն դեպքում, երբ վերջնական համաձայնություններ ձեռք բերվեն երկարաժամկետ պատմական հեռանկարի համար խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որպեսզի մասնակցեն այս միջոցառմանը և ստորագրեն (պայմանագիրը), բայց դա պետք է լինի վերջնական քայլ»,-շեշտել է Պուտինը և հավելել, որ պատրաստ կլինի բանակցել Եվրոպայի համար նոր անվտանգության կարգավորումների շուրջ, և որ իր նախընտրելի բանակցային գործընկերը կլինի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել էր, որ կարծում է, որ ԵՄ-ի համար «ներուժ» կա բանակցելու Ռուսաստանի հետ, և որ Զելենսկին կողմ է նման քայլին։
Նշենք նաև, որ Financial Times-ը հայտնել էր, որ Կոշտան ասել է, թե խորհրդակցում է ԵՄ առաջնորդների հետ այն մասին, թե «ինչ պետք է արդյունավետորեն քննարկեն Ռուսաստանի հետ, երբ գա դա անելու ճիշտ պահը»։


