Պուտինի քննադատ գիտնականին Հայաստանը ելքի թույլտվություն է տվել. Միխայիլ Վերբիցկին արդեն Իսրայելում է
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, երեկ էլ եռօրյա բանտարկությունից ազատ արձակված ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին հնարավորություն է ստացել հեռանալ Հայաստանից, նա արդեն Թել Ավիվում է, գրում է «Ազատությունը»։
Փաստաբան Վաչե Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գլխավոր դատախազությունը բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրելով Պուտինի ռեժիմի քննադատ գիտնականին անարգել հեռանալ Հայաստանից։
«Սովորաբար այլ երկրի կողմից հետախուզվողը հնարավորություն չի ունենում լքել Հայաստանը, քանի դեռ նրա անվան դիմաց նշված է «հետախուզում» բառը, բայց անհատական դեպքերում դա հնարավոր է դառնում, երբ Հայաստանի դատախազությունը բավարարում է փաստաբանի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։
Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը հետախուզում է 2025-ից, նրան մեղադրում է ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։
Երեկ ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվելուց հետո գիտնականն «Ազատությանը» փոխանցել էր իր կասկածները, թե ինչի համար են իրեն մեղադրում.
«Իբր ես կասկածի տակ եմ դրել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման արդյունքները։ Իսկապես այդպես է, քանի որ ահաբեկչության համար մեղադրվողների ականջներն են կտրել, աչքերն են վնասել, ծեծել են, ահավոր է, և ես ոչ թե կասկածի տակ եմ դրել հետաքննության արդյունքները, այլ՝ թե ինչպես է դա տեղի ունենում՝ մարդկանց ականջներն ու աչքերը վնասում, ծեծում են, և այդ ամենը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ասում են՝ լավ է, հիանալի է»,- երեկ ասել էր Ռուսաստանից տասը տարի առաջ հեռացած և Ռիո դե Ժանեյրոյում բնակվող մաթեմատիկոսը։



