Փեզեշքիան․ Իրանը մտադիր է ամրապնդել կապերը Հնդկաստանի հետ՝ փոխադարձ վստահության հիման վրա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել և ամրապնդել համապարփակ հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերը, հաղորդում է Tasnim-ը։
Հնդկաստանի անկախության 79-րդ տարեդարձի առթիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած շնորհավորական ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ այս օրը հնարավորություն է Թեհրանի և Նյու Դելիի միջև երկարաժամկետ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման համար։
Իրանի նախագահի համոզմամբ, երկու երկրների միջև առկա խոր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերը, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումները արժեքավոր հիմք են ընդհանուր շահերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ավելի հեռանկարային ապագա ձևավորելու համար։
Փեզեշքիանն ընդգծել է Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրապնդելու Իրանի վճռականությունը։ Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել երկկողմ կապերի զարգացման և ընդհանուր շահերի առաջմղման ուղղությամբ՝ փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա, օգտագործելով երկու երկրների առկա ներուժը։
Իրանի նախագահը նաև Հնդկաստանին մաղթել է հետագա բարգավաճում, առաջընթաց և բարեկեցություն՝ հույս հայտնելով Թեհրանի և Նյու Դելիի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման վերաբերյալ։



