երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները

ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները

 ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
 
Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է (13,83%), որին հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր մարդիկ» (7,96%) և «Արդար Ռուսաստան» (4,99%) կուսակցությունները:
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Վեստի»–ին հայտնել է, որ Պետդումայի ընտրություններում ամենաակտիվների թվում է եղել Երևանում դեսպանատան տարածքում գործող ընտրատեղամասը։
 
«Արտասահմանում ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում առաջատար են Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Պհուկետը և Ղազախստանը», – ասել է նա:
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ից: Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր։
 
Ընտրություններին դաշնային կուսակցական ցուցակներով մասնակցել է 10 կուսակցություն: «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք» (Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России) և «Նոր մարդիկ» (Новые люди)։
 
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

  • Կիսվել: