Պետդուման Կոնգրեսից և ՄԱԿ-ից կպահանջի հետաքննել Պուտինի դեմ հնարավոր մահափորձը
Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կարլսոնի հայտարարությունը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է խորհրդարանի պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Պետդուման դիմում կուղարկի ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կարլսոնի հայտարարությունը Բայդենի վարչակազմի կողմից Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին՛՛,-պարզաբանել են մամուլի ծառայությունից: Այնտեղ նշել են, որ Պետդումայի լիագումար նիստում Դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարևը ուշադրություն է հրավիրել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի այն հայտարարություններին, թե ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմը նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկով քննարկել է Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձի նախապատրաստումը: Նա առաջարկել է պարզաբանումներ ստանալու համար դիմել ամերիկացի խորհրդարանականներին։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ Կարլսոնի հայտարարությունները լուրջ վերաբերմունք են պահանջում և պետք է մանրակրկիտ հետաքննվեն: ՛՛Դիմենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ խնդրելով հետաքննել այս իրավիճակը։ Այն հղի է գլոբալ հակամարտությամբ։ Դուք ինքներդ եք հասկանում, թե ինչ է ցանկացած երկրի նախագահի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի սպանության հարցի քննարկումը։ Մենք պետք է դրան լուրջ վերաբերվենք՛՛,-ասել է Վոլոդինը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը: