Պատրիարք Կիրիլը Եզրաս արքեպիսկոպոսին շնորհավորել է ձեռնադրության 25-ամյակի առթիվ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին եպիսկոպոս ձեռնադրվելու 25-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։
«Երիտասարդ տարիներին ընտրելով քահանայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Լենինգրադի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակվանից ի վեր Ձեր ծառայությունն անխզելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Ձեզ վիճակված էր լինել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հովիվը, այնուհետև՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։
Այս տոնական օրը Ձեզ մաղթում եմ հոգևոր և մարմնավոր ուժերի ամրություն և Աստծո օգնությունը եպիսկոպոսական բարձր ծառայության մեջ»,- ասված է ուղերձում։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրն է։



