շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարզվել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորականների անունները

Պարզվել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորականների անունները

Լրագրողները պարզել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորների անունները, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ  կորուստները հաշվարկել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն՝ կամավորների խմբի հետ միասին։

Ըստ լրագրողների՝ մահացածների երկու երրորդը մինչ ներխուժումը բանակի հետ կապ չի ունեցել՝ կամավորներ, ժամկետային զինծառայողներ, նախկին բանտարկյալներ, ռազմական մասնավոր ընկերությունների «նորակոչիկներ»:

Բացի այդ՝ լրագրողների ուսումնասիրության արդյունքների համաձայն, զոհերի մեծ մասը Կրասնոդարի երկրամասից է, Սվերդլովսկի շրջանից, Բաշկորտստանից և Չելյաբինսկի շրջանից։

Մոբիլիզացված 5 հազար 406 զոհվածների 80 տոկոսը մահացել է պատերազմի երկրորդ տարում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին լրագրողները հայտնաբերել են 27 հազար 906 ռուս զինվորականների մահվան դեպքեր, ինչը 57 տոկոսով ավելին է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում հաստատված կորուստների թվից։

2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում՝ Ավդեևկայի և Դոնեցկի շրջաններում առաջխաղացման ժամանակ, հետազոտողները հաստատել են 6 հազար 614 ռուս զինվորի մահը։

Ինչպես հաղորդվում է՝ լրագրողներն իրենց հաշվարկներն իրականացնում են՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներում առկա տվյալները՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ԶԼՄ հրապարակումներ, զոհերի հարազատների հաղորդումներ, ինչպես նաև գերեզմանատների տվյալներ: Կորուստների իրական թիվը, նրանց կարծիքով, կարող է առնվազն երկու անգամ ավելի մեծ լինել։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի  մեկնաբանել լրագրողների ներկայացրած թվերը։

  • Կիսվել: