շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պաղեստինի նախագահը հայտարարել է Գազայի հատվածը վերականգնելու համար դաշնակից երկրների հետ աշխատելու պատրաստակամության մասին

Պաղեստինի նախագահը հայտարարել է Գազայի հատվածը վերականգնելու համար դաշնակից երկրների հետ աշխատելու պատրաստակամության մասին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու բարեկամ երկրների հետ՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը, որը զգալի ավերածություններ է կրել Իսրայելի ռազմական գործողության հետևանքով:

Ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, «նախագահ Աբասը վերահաստատել է իր հանձնառությունը դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատելու՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության ներքո և ապահովելու Գազայի  կապը Արևմտյան ափի հետ»:

Աբբասը իր «խորին երախտագիտությունն է հայտնել Գուտերեշին՝ պաղեստինցի ժողովրդին իր հողից տեղահանելու անթույլատրելիության վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման համար»։

Աբասի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «հավատարիմ է միջազգային իրավունքին, որը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման լավագույն ուղին է»։

Աբասը Գուտերեշին ուղղված նամակում նշել է նաև, որ «կտրականապես մերժում է Գազայի բնակիչներին այլ երկրներ հարկադիր տեղափոխելու ցանկացած պլան, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը դադարեցնելու ցանկացած փորձ»:

Նախագահն ընդգծել է, որ շարունակում է ջանքեր գործադրել երկու պետությունների լուծման վրա հիմնված արդար խաղաղության հասնելու համար (պաղեստինյան և իսրայելական պետությունների խաղաղ գոյակցությունը) 1967 թվականի սահմաններում՝ միջազգային բանաձևերին համապատասխան, ինչպես նաև ապահովել Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին։

  • Կիսվել: