Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի կամ փոխանակման ենթակա չեն
Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է WAFA-ն։
Նշվում է, որ «ցանկացած նման գաղափար նպատակ ունի երկարացնել հակամարտությունը» և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իսրայելում «պահել իշխանության ղեկին Պաղեստինի ժողովրդի ու նրա տառապանքների հաշվին»: Իր հայտարարության մեջ Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել այս ռասիստական գաղութային քաղաքականությանը և չբավարարվել մերժման ու նախազգուշացման հայտարարություններով, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակտիվացման ուղղությամբ, որպեսզի այն կարողանա կատարել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում իր պարտականությունները»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ: Սակայն, ըստ Թրամփի, պաղեստինցիները չպետք է այդտեղ ապրեն: