Որոշ ուժերի դուր չի գալիս Մոսկվայի և Բաքվի ռազմավարական դաշնակցությունը. Զախարովա
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունից և երկու հոգու մահվանից հետո, որին հաջորդել է Բաքվում ռուսաստանցիների, այդ թվում՝ լրագրողների կալանավորումը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան այն հայտարարությունը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների ստուգումների ժամանակ ուժ է կիրառվել: Դեսպանությունից նաև հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն չի պատասխանել իրենց հարցմանը Ռուսաստանի կալանավորված քաղաքացիներին այցելելու վերաբերյալ: Ըստ ադրբեջանական կողմի՝ հյուպատոսական աջակցության վերաբերյալ հարցումներն ուղարկվել են համախատասխան պետական մարմնին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են արհեստականորեն սրել իրավիճակը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ից ևս մեկ անգամ երկրի քաղաքացիներին կոչ են արել Ադրբեջան ուղևորություն ծրագրելիս հաշվի առնել իրավիճակը և ցուցաբերել զգուշություն:
Չնայած դրան՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները ռազմավարական դաշնակցության բնույթ են կրում, և կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս: