ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ քննարկելու մաքսատուրքերը

Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ քննարկելու մաքսատուրքերը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Քննարկումների օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝ Գազայում պատերազմը և մաքսատուրքերը։

Ըստ հրապարակման՝ կողմերը բանակցությունների ընթացքում կանդրադառնան Գազայում 18 ամիս պահվող իսրայելցի պատանդներին, Գազայում հաղթանակի հասնելուն և Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին:

Օրակարգում կլինեն նաև «Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, իրանական սպառնալիքին և միջազգային քրեական դատարանի դեմ առերեսվելուն» առնչվող հարցեր։

Նեթանյահուն հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում «Թրամփը կմեղմացնի Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը»։

«Հուսով եմ, որ կարող եմ օգնել այս հարցում: Սա է իմ նպատակը: Ես առաջին օտարերկրյա առաջնորդն եմ, որը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու Իսրայելի տնտեսության համար այս չափազանց կարևոր հարցը, - ասել է Նեթանյահուն: - Առաջնորդների երկար շարք կա, որոնք ցանկանում են դա անել իրենց տնտեսությունների հետ կապված: Կարծում եմ, որ այն (խմբ.՝ Թրամփի հետ հանդիպումը) արտացոլում է մեր միջև ամուր անձնական կապը, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի հատուկ հարաբերությունները, որոնք չափազանց կարևոր են այս պահին»:

Թրամփի հայտարարած համապարփակ նոր մաքսային քաղաքականության համաձայն՝ իսրայելական ապրանքները 17 տոկոս մաքսատուրքերի են ենթարկվում։

Կնոջ՝ Սառա Նեթանյահուի հետ Վաշինգտոն ժամանելուն պես վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Բլեր Հաուս և հանդիպում անցկացրել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։

Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ հանդիպումը «ջերմ և արդյունավետ» է եղել։

Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է ժամանել Հունգարիայից։ Այցն ԱՄՆ-ում նախատեսված է մինչև ապրիլի 8-ը, սակայն տեղեկություններ կան, որ այն կարող է երկարաձգվել։

Ըստ իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում, Թրամփն ապրիլի 3-ին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում անսպասելի հրավեր է ուղղել վերջինիս, երբ Իսրայելի առաջնորդը բարձրացրել է մաքսատուրքերի հարցը։

 

  • Կիսվել: