երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նեթանյահուն կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, որը Թրամփի հրավերով կայցելի Սպիտակ տուն. The Guardian

Նեթանյահուն կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, որը Թրամփի հրավերով կայցելի Սպիտակ տուն. The Guardian

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին փետրվարի 4-ին հրավիրել է Վաշինգտոն: Նա կլինի առաջին օտարերկրյա ղեկավարը, որը կայցելի Սպիտակ տուն, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ այդ քայլը մեծ զիջում է ԱՄՆ դաշնակցին, որը Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվում է ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

Ըստ պարբերականի՝ կողմերը քննարկելու են խաղաղության հաստատման հնարավորություններն Իսրայելում և հարևան տարածքներում, ինչպես նաև «ընդհանուր հակառակորդներին հակազդելու ջանքերը»:

Թրամփը հայտարարել է, թե «վստահ չէ», որ Գազայում հրադադարը կպահպանվի։ Հրադադարի պայմանների համաձայն՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շուտով պետք է սկսեն բանակցությունները երկարաժամկետ խաղաղության շուրջ, և շատերը վախենում են, որ այն կտապալվի և կհանգեցնի արյունահեղության վերսկսմանը ավելի քան 15 ամիս տևած մարտերից հետո:

The Guardian-ը գրում է, որ Թրամփի ու Նեթանյահուի անձնական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, սակայն Իսրայելը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում։ Նշվում է, որ Թրամփի երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ Մերձավոր Արևելքում նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը լարված զրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև «Հրադադար՝ պատանդների դիմաց» համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցով:

Այդ ժամանակից ի վեր Թրամփը հանել է Իսրայելին մոտ հազար կիլոգրամանոց ռումբեր մատակարարելու արգելքը, որը Բայդենի վարչակազմը կիրառել էր՝ ի պատասխան Գազայի դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառման:

  • Կիսվել: