Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից նոր տարածքներ գրավելու մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու նպատակով Իսրայելի բանակը նոր տարածքներ է գրավել Գազայի հատվածի հարավում: Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նա, մասնավորապես, ասել է. «Նախորդ գիշեր նոր մակարդակի ենք անցել Գազայի հատվածում: Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին, ոչնչացնում է ենթակառուցվածքները: Վերահսկողության տակ ենք վերցրել «Մորագի առանցքը»: Դա կլինի երկրորդ «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ լրացուցիչ միջանցք»:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինյան հատվածի աստիճանական բաժանումը, որպեսզի ՀԱՄԱՍ-ին ստիպեն ազատ արձակել պատանդներին:
«Ճնշումը կուժեղանա այնքան ժամանակ քանի դեռ պատանդները չեն վերադարձվել: Մենք վճռական ենք այս պատերազմի նպատակներին հասնելու հարցում, գործում ենք անխոնջ, հստակ գծով և առաջադրանքով»,-նշել է նա: