կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նավթի համաշխարհային պաշարները նվազում են ռեկորդային տեմպերով. Financial Times

Նավթի համաշխարհային պաշարները նվազում են ռեկորդային տեմպերով. Financial Times

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով ապրիլին նավթի համաշխարհային պաշարները նվազել են ռեկորդային 200 միլիոն բարելով։ Այս մասին մայիսի 6-ին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով S&P Global Energy-ի և Goldman Sachs-ի վերլուծաբանների տվյալներին։

S&P-ի գնահատականների համաձայն՝ նավթի ծավալներն անցյալ ամիս նվազել են օրական 6,6 միլիոն բարելով՝ չնայած պահանջարկի նվազմանը։ Պահանջարկը նվազել է օրական 5 միլիոն բարելով՝ երկրորդ ամենամեծ անկումը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Նավթի պահանջարկն այսքան կտրուկ նվազել է միայն կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Goldman Sachs-ի վերլուծաբանները նշել են, որ համաշխարհային նավթի պաշարները մոտենում են վերջին ութ տարվա ամենացածր մակարդակին։ Argus-ի տվյալներով՝ Հյուսիսային Եվրոպայում ավիացիոն վառելիքի պաշարներն ապրիլին նվազել են մինչև վեց տարվա ամենացածր մակարդակը։

Եվ չնայած հիմնական ազդեցությունն իրենց վրա զգացել են ասիական երկրները, ԱՄՆ-ում բենզինի պաշարները կարող են հասնել պատմականորեն ցածր մակարդակի ամռանը, արձակուրդների պիկ սեզոնի ընթացքում, նշում Է Financial Times-ը:

Մերձավոր Արևելքում պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով նավթի շուկան արդեն կորցրել է 1 միլիարդ բարել նավթ։ Թրեյդերները նախազգուշացնում են, որ համաշխարհային պաշարները մոտենում են կրիտիկական սահմանագծին, որը սպասվում է արդեն մի քանի շաբաթ անց, գրում Է Financial Times-ը:

Ինչպես պարզաբանում է պարբերականը, նավթի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են մոտ 4 մլրդ բարել: Սակայն այս ծավալի մեծ մասը ներգրավված է ամենօրյա գործողություններում, որոնք անհրաժեշտ են նավթավերամշակման գործարանները և հումքը տեղափոխող խողովակաշարերը գործարկելու համար:

  • Կիսվել: