հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նախկին Խորհրդային Միության ոչ մի երկիր առանց ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների չի կարող կայանալ որպես պետություն. Պետդումայի փոխխոսնակ

Նախկին Խորհրդային Միության ոչ մի երկիր առանց ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների չի կարող կայանալ որպես պետություն. Պետդումայի փոխխոսնակ

Հայաստանը վերջին ամիսներին «լուրջ սխալ» է գործում՝ շրջվելով դեպի ԵՄ և ԱՄՆ՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։ «RTVI»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի ստորին պալատում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Ցավոք, վերջին բառացիորեն մի քանի ամիսների ընթացքում թե խորհրդարանի ներկայացուցիչների, թե Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության կողմից հետևեցին մի շարք հայտարարություններ և գործողություններ, որոնք վկայում են այս երկրի ղեկավարության արագընթաց վերակողմնորոշման մասին դեպի եվրոպական կամ ամերիկյան վեկտոր։ Եվ դա մեզ մոտ, անշուշտ, ափսոսանք է առաջացնում, քանի որ Հայաստանը հետևողականորեն արհամարհում է նաև ՀԱՊԿ մակարդակով հանդիպումները»,- հայտարարել է Տոլստոյը։Տոլստոյը հավելել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ փոխգործակցության դուրս գալու հայկական իշխանությունների փորձերը, իր գնահատմամբ, «ուղղակի սպառնալիք են պարունակում երկրի ինքնիշխանությանը», իսկ եվրոպական ապագայի և առանց վիզայի ռեժիմի մասին խոսակցությունները հայկական իշխանությունների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բարձրագոչ PR հայտարարություններն են»։

«Նախկին Խորհրդային Միության և ոչ մի երկիր առանց Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների պարզապես չի կարող կայանալ որպես պետություն։ Եվ Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Այս իմաստով, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից բարեկամական կապերից հրաժարվելն ինձ թվում է լուրջ սխալ»,- կարծում է խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ Երևանին ծանր հետևանքներ են սպասվում, եթե Ռուսաստանը «սկսի հեռանալ Հայաստանից»՝ մատնանշելով կոնկրետ հետևանքներ ՌԴ-ում բնակվող հանրապետության քաղաքացիների համար։

«Հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար ներկայիս արտոնությունները, օրինակ՝ առանց գրանցման երկարատև կեցությունը և Ռուսաստանի Դաշնությունում պարզեցված աշխատանքի տեղավորումը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, նման արտոնությունները կչեղարկվեն և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր միգրացիոն ռեժիմի, որը գոյություն ունի բոլոր օտարերկրացիների համար»,- զգուշացրել է նա։

Կրեմլում զգուշացրել են «հայ ընկերներին» ռուսական գազի արտոնյալ գների վերաբերյալ։

Փոխխոսնակն արտահայտվել է նաև հանրապետությունում ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակի մասին. նա մատնանշել է ռուսական դասարանների թվի կրճտումը և Հայաստանի մի շարք պաշտոնական անձանց կողմից ռուսերենի օգտագործման քննադատությունը։

Նրա խոսքով՝ նման «հակառուսական հարձակումները» կասկածի տակ են դնում Ռուսաստանում հայկական սփյուռքի և նրա բիզնեսի դիրքերը։

  • Կիսվել: