կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթն անցկացվեց առանց ռազմական տեխնիկայի

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթն անցկացվեց առանց ռազմական տեխնիկայի

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը 2007-ից ի վեր առաջին անգամ առանց ռազմական տեխնիկայի անցկացվեց։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։ Վերջին ամիսներին ուկրաինական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող ենթակառուցվածքների վրա։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին ասել էր, թե Մոսկվայի շքերթին կարող են «այցելել» ուկրաինական անօդաչուները։ 

Սակայն, Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը խափանելու փորձեր չեն եղել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մի փորձ չի արվել. ամեն ինչ կարգին է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել տոնակատարությունը։

Շքերթին ներկա էին օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած հրավերին, այս տարի չի մասնակցել շքերթին։ Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ Մայիսի 9-ին Փաշինյանը Սյունիքի մարզում նախըտրական քարոզարշավին է մասնակցում

  • Կիսվել: