չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին

Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին

Միգրանտների երեխաների թեստավորման նոր կարգը ենթադրում է, որ նրանք ՌԴ–ում դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի 90%–ին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայությունն առաջարկել է անցողիկ շեմ սահմանել ճիշտ պատասխանների 30%–ը, բայց այդ առաջարկը չի ընդունվել։
«Այն վերամշակվել է։ Այսօրվա որոշումը ենթադրում է, որ դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանել թեստի 90%–ին», – գրել է Վոլոդինը Telegram-ում։
Նա նշել է, որ ռուսաց լեզվի թեստավորման նյութերը (ներառյալ բանավոր մասը) մշակվել են ուսուցման յուրաքանչյուր փուլի համար:
 
«Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել 10 առաջադրանքներից 9-ին, 2-5–րդ դասարանների համար` 20 առաջադրանքներից 18–ին, 6-9–րդ դասարանների համար` 22 առաջադրանքներից 20–ին, 10-11-րդ դասարանների համար` 24 առաջադրանքներից 22–ին», – պարզաբանել է Վոլոդինը:
Պետդումայի նախագահը նշել է` ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կարծիքով` սա թույլ կտա գնահատել ռուսերենի իմացության մակարդակը և դպրոցական ծրագիրը հաջողությամբ յուրացնելու և ադապտացվելու հնարավորություն կընձեռի երեխաներին։

  • Կիսվել: