Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն Իրական Հայաստանի, բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացին մերժել է սա, և եթե տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանը» շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ գրեթե 60-70 տոկոսով նրանց խմբակցությունը կրճատվեց, և հաջորդիվ ընդհանրապես այստեղ չեն լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ անգամ վերընտրվելուն, չնայած այն հանգամանքին, որ նա պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ դրա համար, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխել՝ 3-րդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար, և այն օրենքների ու օրենսդրության սահմաններում, որ տեղի են ունենում ընտրություններ, դրանք գործում են քաղաքակիրթ շատ երկրներում: Մերկելը 4 անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք:
Այստեղ շատ հաճախ իրողությունների նենգափոխում է տեղի ունենում, և սա վատ է, քանի որ ապակողմնորոշում եք մեր ժողովրդին»:



