Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Կարինա» փոթորիկը
«Կարինա» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, և առաջիկա օրերին կարող է ուժեղանալ՝ դառնալով հզոր փոթորիկ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի աղբյուրին։
Ցիկլոնի կենտրոնում կայուն քամու արագությունը հասել է 130 կմ/ժ-ի, ինչը համապատասխանում է Սաֆիր — Սիմփսոնի սանդղակի առաջին կարգին։ Մեծ ուժի փոթորիկներ են համարվում երրորդ կարգի և ավելի բարձր կարգի համակարգերը։
Կիրակի օրը «Կարինան» գտնվում էր մոտ 1,3 հազար կմ հեռավորության վրա՝ Կալիֆոռնիայի թերակղզու հարավային ծայրակետից հարավ-արևմուտք, և շարժվում էր հյուսիս-արևմուտք՝ մոտ 24 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, փոթորիկը կշարունակի հեռանալ դեպի բաց օվկիանոս և ցամաքին անմիջական վտանգ չի ներկայացնում։
Միաժամանակ մասնագետները նախազգուշացրել են վտանգավոր ալեկոծության և ուժեղ հակադարձ հոսանքների մասին, որոնք կարող են առաջանալ Մեքսիկայի հարավ-արևմտյան ափերի և Կալիֆոռնիայի թերակղզու առանձին հատվածներում։
Խաղաղ օվկիանոսում պահպանվում է նաև «Լոուել» արևադարձային փոթորիկը։ Այն գտնվում է Հավայան կղզիներից մոտ 1,85 հազար կմ հարավ-արևելք և, ինչպես սպասվում է, նույնպես չի սպառնում ցամաքին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը կանխատեսել էր Ատլանտիկայում փոթորիկների սեզոն՝ միջինից ցածր ցուցանիշներով, այդ թվում՝ Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով։



