Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է. Լավրով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ՝ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Այս մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ, ըստ Լավրովի, հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են, որ մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ։ Ռուսական կողմը կնշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կաշխատեն հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ իրեն կտեղեկացնեն ամերիկյան պատվիրակության կազմի մասին։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծմանը զուգընթաց, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսվի»,-ասել է Լավրովը:
Նա նաև խոսել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ բացասական դիրքորոշման մասին։
«Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է։ Ռուսաստանը բացատրել է նաև, որ չի հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: