Մեկնարկել է Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Թուրքիա գազի արտահանումը
Իրանի նավթի նախարարը հայտնել է Իրանի տարածքով թուրքմենական գազի արտահանումը դեպի Թուրքիա մեկնարկելու մասին՝ ասելով. «Այժմ այս պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել, և գազը սկսել է հոսել»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը Իրանի տարածքով դեպի Թուրքիա թուրքմենական գազի արտահանումը մեկնարկելու կապակցությամբ ասել է.- Բարեբախտաբար, վերջին մի քանի օրերի ընթացքում Աստծո կամքով և Իրանի գազի ազգային ընկերության գործընկերների և այս ծրագիրն առաջ տանող այլ բաժինների ջանքերի շնորհիվ այս ծրագիրն արդյունավորվեց:
Նշելով որ այս նախագիծը կարևոր է տարբեր առումներով, ինչպիսիք են երկրի հյուսիսարևելյան հատվածում մեր ստացած գազի քանակը և մեր հարևանների՝ Թուրքմենստանի և Թուրքիայի հետ ունեցած փոխգործակցությունը, հավելել է․-Այս քայլը զգալի ազդեցություն կունենա Իրանի երկկողմ հարաբերությունների վրա, հատկապես գազի և այլ նավթամթերքների առևտրի ոլորտում։
Անդրադառնալով այս նախագծի պայմանագրի վերջնական տեսքի բերվելուն, Իրանի նավթի նախարարն ընդգծել է.-Այժմ պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել, և գազը հոսում է։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, որ այս պայմանագիրը ակտիվացել է, բայց դրա մյուս կողմերի հետ կապված, պետք է մի քիչ սպասել, մինչև հետագայում հրապարակվեն լրատվամիջոցներում։
Վերջում Փաքնեժադը իր երախտագիտությունը հայտնեց գործադրված ջանքերի համար և ասաց. «Այս նախագիծը կարևոր քայլ է որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույց՝ Իրանի դիրքի ամրապնդման համար և ցույց է տալիս էներգետիկ դիվանագիտությունը զարգացնելու 14-րդ կառավարության վճռականությունը»: