Մարոկկոյից Սեուտա անցնելու ժամանակ զոհվածների թիվն աճել է
Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամն առաջացել է սոցիալական ցանցերում ապատեղեկատվության պատճառով: «Սոցիալական ցանցերի չարամիտ օգտագործումը, ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը և իրավական նորմերի սխալ մեկնաբանությունը տասնյակ հազարավոր մարդկանց կողմից սահմանն անօրինական հատելու պատճառ դարձան»,- հայտարարել է Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ սխալ է մեկնաբանվել Իսպանիայի դատարանի որոշումը, որն արգելում է ծովով սահմանը հատելու փորձ անող միգրանտների անհապաղ վերադարձը, իսկ Սեուտա մարդկանց զանգվածային հոսքը կազմակերպված չէր, այլ ավելի շուտ ինքնաբուխ էր:
Մարոկկոյի իշխանությունները սահմանի հատմանը ներգրավված անձանց թիվը գնահատել են 40000, մինչդեռ Իսպանիան՝ մոտավորապես 60000: Եվս 1135 մարդ փորձել է հասնել մեկ այլ իսպանական էքսկլավ՝ Մելիլյա, որը գտնվում է Սեուտայից 400 կիլոմետր արևելք: Ռաբաթի տվյալներով՝ այս միջադեպերի վերաբերյալ հետաքննությունն արդեն սկսվել է։
Տարբեր է նաև զոհերի թիվը: Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը հայտնել է ճգնաժամի ընթացքում 11 մահվան դեպքի մասին։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ վերջին օրերին Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացել է 72 մարդ: Մադրիդը հայտարարել է, որ գրեթե բոլոր մարդիկ, որոնք անօրինական կերպով հասել են Սեուտա, վերադարձվել են Մարոկկո: Ըստ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ տասնյակ հազարավոր մարդկանց ժամանման հնարավոր պատճառ են դարձել «մաֆիոզ մաքսանենգ խմբերի» կողմից բաց սահմանների մասին տարածված լուրերը:



