Մակրոնը մեկնաբանել է մզկիթում մուսուլմանի սպանությունը. Ֆրանսիայում ռասիզմի և ատելության համար տեղ չի լինելու
Ֆրանսիայում երբեք տեղ չի լինի ռասիզմի և ատելության համար, կիրակի օրը հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկրի հարավում գտնվող մզկիթում մուսուլման տղամարդու դաժան դանակահարությունից հետո, հաղորդում է AFP-ն։
«Ռասիզմը և կրոնական հողի վրա հիմնված ատելությունը տեղ չունեն Ֆրանսիայում։ Դավանանքի ազատությունը չի կարող խախտվել», - գրել է Մակրոնը ուրբաթ օրվա սպանության վերաբերյալ իր առաջին մեկնաբանության մեջ՝ արտահայտելով իր աջակցությունը «մեր մուսուլման հայրենակիցներին»։
Հարձակվողը, որը փախուստի մեջ է, տասնյակ անգամներ դանակահարել է հավատացյալին, ապա բջջային հեռախոսով տեսագրել է իրեն՝ Գար շրջանի Լա Գրանդ Քոմբ գյուղում իսլամի հասցեին վիրավորանքներ բղավելիս:
Ենթադրյալ հանցագործը իր հեռախոսով նկարահանված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է զոհը գալարվում տանջանքների մեջ, ուղարկել է մեկ այլ անձի, որն այն տեղադրել է սոցիալական ցանցերում և ավելի ուշ՝ ջնջել։
Գործին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ հանցագործության մեջ կասկածվողը, չնայած չի ձերբակալվել, սակայն նույնականացվել է որպես բոսնիական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի, որը մուսուլման չէ:
Զոհը՝ 20-ամյա մալիացի երիտասարդ տղամարդը, և հարձակվողը միջադեպի պահին մզկիթում մենակ են եղել։ Տղամարդու հետ նախ աղոթելուց հետո հարձակվողը մինչև 50 դանակի հարված է հասցրել զոհին, ապա փախել դեպքի վայրից։
Զոհի մարմինը հայտնաբերվել է միայն ուշ առավոտյան, երբ այլ հավատացյալներ եկել են մզկիթ՝ ուրբաթօրյա աղոթքի համար։