երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշում մշակելու համար

Մակրոնը ԵՄ առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշում մշակելու համար

Մի շարք եվրոպական առաջնորդներ երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում կհավաքվեն արտակարգ խորհրդակցության՝ կապված ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ-ի մոտեցման հետ, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն:

Euronews-ը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը, հայտնել է, որ հանդիպմանը ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի և Լեհաստանի ղեկավարները, հնարավոր է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությունը։

Հեռուստաալիքը հաղորդել է, որ եվրոպացի առաջնորդները Փարիզի արտակարգ գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի իրադարձությունները՝ հաշվի առնելով առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի մտադրությունը:

Euronews-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, որին երկուշաբթի սպասում են Բրյուսելում, ասել է, թե Եվրոպան չի մասնակցի Վաշինգտոնի, Մոսկվայի և Կիևի միջև ենթադրյալ խաղաղ բանակցություններին։

Նախօրեին The Telegraph բրիտանական պարբերականը, հաղորդելով Փարիզի հանդիպմանը մասնակցելու՝ վարչապետ Քիր Սթարմերի մտադրության մասին, գրել էր, որ վարչապետը «հույս ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև» անդրատլանտյան հարաբերությունների վատթարացման պայմաններում:

  • Կիսվել: