հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժները ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Համաձայնեցված հարձակումներից հետո (Սիրայում - խմբ.) մենք ստանում ենք չափազանց անհանգստացնող հաղորդագրություններ ընտանիքների սպանությունների մասին, ներառյալ՝ կանանց, երեխաների և վիրավոր զինյալների:

Անհրաժեշտ է անցկացնել բոլոր սպանությունների ու այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի ու չափանիշների»,- ասված է Տյուրկի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակի կայքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը:

Հիշեցնենք՝ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել: Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն էին։

  • Կիսվել: