հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ՄԱԿ-ում Ռուսաստանից պահանջել են դադարեցնել GPS-արբանյակների խլացումը

ՄԱԿ-ում Ռուսաստանից պահանջել են դադարեցնել GPS-արբանյակների խլացումը

ՄԱԿ-ի մեջ մտնող Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ) Ռուսաստանից պահանջել է դադարեցնել միջամտությունները եվրոպական երկրների արբանյակային համակարգերի աշխատանքին։

«Խորհուրդը լուրջ անհանգստություն է հայտնել ազդանշանների օգտագործման առիթով՝ միտումնավոր վնասակար խափանումներ ստեղծելու նպատակով»,- Reuters-ը մեջբերել է միության կոմիտեի հայտարարությունը։

Նշվել է, որ ԷՄՄ-ին բողոք են ներկայացրել ԵՄ չորս երկրներ՝ Ֆրանսիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ Ուկրաինան։ Պետությունները նշել են արբանյակների աշխատանքի մշտական խափանումները վերջին ամիսներին։ Նրանց տվյալներով՝ ՌԴ-ն լռեցրել է ինքնաթիռների GPS ազդանշանները, ինչը սպառնալիքի տակ է դրել օդային կառավարումը, ինչպես նաեւ խափանել է մանկական հեռուստաալիքների հեռարձակումը՝ Ուկրաինայում պատերազմի դաժան կադրեր ցուցադրելով։

Հայտարարության համաձայն՝ ֆրանսիական եւ շվեդական արբանյակային ցաների աշխատանքի խափանումները, «ամենայն հավանականությամբ, ձեռնարկվել են Մոսկվայի, Կալինինգրադի եւ Պավլովկայի շրջաններում տեղակայված ցամաքային կայաններից»։ Միությունը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել իր գործողությունները եւ հետաքննել միջադեպերը։

Նախօրեին The Telegraph-ը գրել էր, որ Ռուսաստանը խլացրել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ տասնյակ չվերթների GPS-ազդանշանները Արեւելյան Եվրոպայում 2024թ. առաջին չորս ամիսներին։ Պարբերականի վերլուծության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ յուրաքանչյուր չորրորդ չվերթ բախվել է խափանումների։ Բրիտանական օդանավերն առաջին չորս ամսում կատարել են 504 թռիչք Արեւելյան Եվրոպա, այդ ընթացքում 142 ինքնաթիռ ենթարկվել է GPS համակարգերի խափանման, իսկ 60 դեպքերում գրանցվել են ազդանշանը խլացնելու կրկնակի փորձեր։

  • Կիսվել: