ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի ոտնահարման մասին
Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը թուլանում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում: Այս մասին ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է Anadolu-ն։
«Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը ոտնահարվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում»,-նշել է նա:
Գուտերեշի խոսքով՝ «ուժի կիրառման և ռազմական գործողությունների վարման կանոններն անտեսվում են»։
Խոսելով Մերձավոր Արևելքի մասին՝ նա ընդգծել է, որ «այս ճգնաժամի համար ռազմական լուծում չկա»։
«Լուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն, և ցանկացած հրադադար պետք է պահպանվի»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև հավելել է, որ «միանգամայն հավանական է», որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն: Գուտերեշն Իսրայելի ու Լիբանանի միջև ընթացող քննարկումները «շատ կարևոր» է անվանել՝ տեղում իրավիճակը բարելավելու համար։


