Մահացել է Թաիլանդի արքայադուստրը. Նա 2022 թվականից կոմայի մեջ էր
Մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում գտնվում էր կոմայի մեջ։ Այս մասին հայնում է BBC-ն՝ հղում անելով թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը։
Արքայադուստրը 2022 թվականի դեկտեմբերին ուշաթափվել էր շների մարզման ժամանակ։ Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակի պատճառը սրտի մկանների միկոպլազմային վարակն էր, որն առաջացրել էր սրտի ռիթմի ծանր խանգարում։ Թագավորական պալատի հայտարարության մեջ նշվում է, որ բժշկական անձնակազմը ցուցաբերել է առավելագույն և շարունակական խնամք, սակայն նրա առողջական վիճակը ժամանակի ընթացքում աստիճանաբար վաթարացել է։
Արքայադուստրը Թաիլանդի թագավորի յոթ երեխաներից ավագն էր՝ թագավորի առաջին կնոջից։
Իրավաբանի կրթություն ստացած արքայադուստրը աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում Թաիլանդի մշտական ներկայացուցչությունում, այնուհետև վերադարձել հայրենիք և զբաղեցրել տարբեր պաշտոններ գլխավոր դատախազության համակարգում։
2012-2014 թվականներին նա ծառայել է որպես Թաիլանդի դեսպան Ավստրիայում՝ սերտ համագործակցելով ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հետ։ Հատկապես ակտիվ էր քրեակատարողական համակարգի բարեփոխումների հարցում՝ ուշադրություն հրավիրելով կանանց բանտարկյալների խնդիրների վրա։ Հետագայում նա նշանակվել էր UNODC-ի Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում օրենքի գերակայության դեսպան։
47-ամյա արքայադուստրը հայտնի է նաև որպես ակտիվ մարզասեր և երկար տարածությունների վազքի սիրահար։
Այսպիսով, արքայադստեր մահը ոչ միայն մեծ կորուստ է Թաիլանդի թագավորական ընտանիքի համար, այլև խորացնում է երկրի ապագա գահաժառանգության շուրջ առկա անորոշությունը։ Միևնույն ժամանակ, Թաիլանդի խիստ «lese majeste» օրենքները սահմանափակում են միապետության և ժառանգության հարցերի շուրջ բաց հանրային քննարկումները։



