չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր թվիթերյան էջում հայտնել է, որ այս շաբաթ կայցելի Թեհրան՝ պայմանավորված Իրանի միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող միջնորդավորված բանակցություններով:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս շաբաթ կայցելեմ Թեհրան»։

Նշենք, որ Գրոսսին այս գրառումն արել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի նոր մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիի հետ հանդիպումից հետո.  Նաջաֆին հանդիպմանն իր հավատարմագրերն է հանձնել  Գրոսսիին։

«ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը Իրանի մասնակցությունը և գործակալության հետ համագործակցությունը շարունակելը կարևոր են հատկապես հիմա, երբ անհրաժեշտ են դիվանագիտական ​​լուծումներ»,- գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Օմանի մայրաքաղաք Մուսկատում շաբաթ օրը միջնորդավորված բանակցությունների առաջին փուլն են անցկացրել՝ իրանական միջուկային խնդրի շուրջ։ Ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան կողմերը բանակցությունների առաջին փուլի ընթացքը դրական են որակել։

  • Կիսվել: